ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի ողջույնի խոսքը` «Հայոց պետականության անցյալն ու ներկան» գիտաժողովի մասնակիցներին

14 սեպտեմբեր 2018
«Հայոց պետականության անցյալն ու ներկան» գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, հյուրե՛ր, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչնե՛ր, ողջունում եմ բոլորիդ անկախ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: 

Հատկանշական է, որ գիտաժողովն անցկացվում է հենց Արցախի հինավուրց հողում և նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100 և արցախյան շարժման 30-ամյակներին՝ հայկական երկու պետությունների պատմության կարևորագույն այն երկու իրադարձություններին, որոնք հայ ժողովրդի անկախության, ազատ և ինքնիշխան հայրենիքի համար պայքարի ամենամնայուն ձեռքբերումներն են: 

Հարգելի՛ ներկաներ, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սիրով է ստանձնել «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված այս գիտաժողովին աջակցելու գործը: Լիահույս եմ, որ այն կծառայի իր նպատակին, այն է՝ ոչ միայն Հայաստանում, այլև հատկապես միջազգայնորեն հանրայնացնել վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ և անսասան պետականություն ունեցող երկրի ձեռքբերումները՝ այդ համատեքստում ներառելով նաև Արցախի Հանրապետության անկախության նվաճման ճանապարհին հաղթահարած դժվարությունները: Կարծում եմ՝ գիտաժողովը կօգնի նաև վեր հանել բազմաթիվ հիմնախնդիրներ, ինչու ոչ՝ նաև նախանշել հետագա անելիքները: 

Կրկին ողջունում և բարի երթ եմ մաղթում գիտաժողովի բոլոր մասնակիցներին: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ 

Լևոն Վահրադյան
Ետ գնալ