ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանի ելույթը  մրցաշրջան 2014-ի «Տասը լավագուն մարզիկների» մեծարման արարողությանը

27 դեկտեմբեր 2014
      Մարզաշխարհի սիրելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր

Նախ թույլ տվեք ի սրտե շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք, աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն: 

Եթե երկու բառով փորձեմ գնահատել անցնող մարզական տարին, ապա պետք է նախ և առաջ առանձնացնեմ մեր ըմբիշներին` աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Արսեն Ջուլֆալակյանին, ովքեր արդարացիորեն գլխավորում են 2014 թվականի լավագույն մարզիկների տասնյակը: 
Փառք ու պատիվ նրանց, ինչպես նաև աշխարհի չեմպիոն դարձած սամբիստ Մավրիկ Նասիբյանին: Նրանք, և մեր մյուս մրցանակակիր մարզիկներն են, որ հաջողությամբ ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը ողջ աշխարհում: Հենց նրանց շնորհիվ է, որ աշխարհի բոլոր հատվածներում հնչում է մեր երկրի պետական օրհներգը, բարձրացվում` մեր եռագույնը: 
Ցանկանում եմ կարևորել նաև մեր մարզիչների աշխատանքը: Հենց նրանց մասնագիտական հմտության, կատարած երկարատև աշխատանքի և նվիրումի շնորհիվ է, որ նրանց սաները կարողանում են հավասարի պես ոտք գցել աշխարհի խոշորագույն երկրների հետ և արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում:

Ամռանը կայացան պատանեկան օլիմպիական խաղերը: Այդ լուրջ ստուգատեսում նույնպես մեր պատանի մարզիկները լավ հանդես եկան` իրենց հետ բերելով 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալները: Ընդհանուր հաշվարկով անցնող տարվա մարզական ավարը չափվում է հայ մարզիկների նվաճած 118 մեդալներով: Սա կատարված աշխատանքի թվային պատկերն է, սակայն, յուրաքանչյուր մեդալ և մարզական ձեռքբերում պետք է գնահատել որպես քրտնաջան և երկարատև աշխատանքի արդյունք:

Ինչևէ մարզական տարին ավարտված է, և ավարտված է գոհացուցիչ արդյունքներով: Առջևում նոր 2015 թվականն է, որի ընթացքում հայ մարզիկներին նոր կարևորագույն մրցաշարեր են սպասվում: Բոլորիդ անունից մաղթում եմ նրանց արժանանալ ամենաբարձր հարգի մեդալների, ինչպես նաև հաջողությամբ մասնակցել Բաքվում կայանալիք ամառային խաղերին, կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին և հպարտորեն ծածանել հայոց եռագույնը: 

    Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում նորանոր հաջողություններ և իհարկե` բազմաթիվ մարզական ձեռքբերումներ:
Ետ գնալ