ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

30 դեկտեմբեր 2014
   Հարգելի բարեկամներ, մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մաղթում եմ, որ 2015 թվականը բոլորիդ համար լինի զարգացման, խաղաղության, և կայունության տարի: Այսօր մեր երկիրը գտնվում է բազում մարտահրավերների կիզակետում, որի լուծման մեջ իր մասնակցությունը պետք է ունենա մեզանից յուրաքանչյուրը` լինի դա մարզիկ, մանկավարժ, գիտնական, շինարար, թե զինվոր: Անցած տարին արժանահիշատակ էր մեր մարզաշխարհի համար: Տեղի ունեցավ սպորտային մի եզակի երևույթ, երբ մեր երկու ըմբիշները` Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը դարձան աշխարհի չեմպիոններ: Սա եզակի է հայկական սպորտի պատմության մեջ,  քանի որ մեր երկիրը ներկայացնող տարբեր քաշային կարգում հանդես եկող երկու մարզիկ միաժամանակ են դառնում  աշխարհի չեմպիոններ: 
Շնորհավորում եմ մեր տղաներին, ողջ հայ ժողովրդին և հույս հայտնում, որ մարզական այս նվաճումները շարունակվելու են` 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում դառնալով օլիմպիական ոսկիներ: 

Նշեմ, որ ընթացիկ տարում, աշխարհի չեմպիոն դարձավ նաև արցախցի սամբիստ Մավրիկ Նասիբյանը` իր հաղթանակը նվիրելով Մեծ Եղեռնի 100-ամյակին, որի զոհերի հիշատակի ոգեկոչմանն իր մասնակցությունը ողջ հայ ժողովուրդի հետ միասին կունենանք նաև մենք` մարզաշխարհի ներկայացուցիչներս: 

  Հարգելի բարեկամներ, թույլ տվեք կրկին անգամ շնորհավորել բոլորիդ` մաղթելով ամենայն բարիք, աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն: 

Ետ գնալ