ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում երիտասարդության խորհրդանիշ-կոթողի էսքիզային նախագծերի մրցույթ

05 հունիս 2015
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2013 թվականից նախաձեռնել և իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը: Մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը: 
2014 թվականին «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ էին ներկայացրել Եղեգնաձոր, Ծաղկաձոր, Կապան, Չարենցավան, Ստեփանավան և Քաջարան քաղաքները: 
Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ստեփանավան քաղաքը: 
Մրցութային հանձնաժողովը որոշել է այս տարի բարեկարգել Ստեփանավանի պուրակներից մեկը (այն անվանակոչելով «Երիտասարդական») և տեղադրել այնտեղ երիտասարդության խորհրդանիշ-կոթող: 
Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ (այդ թվում և ուսանող) ճարտարապետներ, դիզայներներ, քանդակագործներ: Կխրախուսվեն նորարարական գաղափարները: 
Մասնակիցների առավելագույն տարիքը 35-ն է: Կարող են ներկայացվել նաև խմբային աշխատանքներ: Էսքիզային նախագծերը պետք է ներկայացվեն մինչև երեք 60(h) x 80 սմ չափսի` կոշտ ստվարաթղթե հիմքով գծագրերի, լուսանկարների և այլ դիդակտիկ նյութերի ու բացատրագրի առկայությամբ: Գծագրերի աջ կողմի վերևի անկյունում պետք է նշվի մասնակցության ծածկագիրը վեցանիշ թվով, շրիֆտի բարձրությունը՝ 10 մմ։ 
Էսքիզի հետ փակ ծրարի մեջ համապատասխան ծածկագրով ներկայացվում են հեղինակի անուն-ազգանունը, անձնագրի պատճենը, խմբային աշխատանքի պարագայում պետք է ներկայացնել յուրաքանչյուր մասնակցի փաստաթղթերը մեկ ընդհանուր ծրարով։ Ծրարի վրա պետք է նշվի միայն ծածկագիրը: 
Քանդակային առաջարկների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ծավալային էսքիզը 1 x 10-ի հարաբերությամբ: 
Լավագույն էսքիզային նախագծերը կարժանանան մրցանակների` I տեղ - 200,000 ՀՀ դրամ, II տեղ - 150,000 ՀՀ դրամ, III տեղ - 100,000 ՀՀ դրամ: 
Մրցույթի մասնակցության նախագծերն ընդունվում են մինչև 2015 թ. հուլիսի 1-ը` ժամը 16.00-ը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչություն (հասցեն` Աբովյան 9, հեռ.` 54-69-31): 
Կից ներկայացվում է «Երիտասարդական» պուրակի հատակագիծը՝ խորհրդանիշ-կոթողի տեղադրման հնարավոր տեղանշմամբ և տեղանքի լուսանկարը:
Ետ գնալ