ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում երիտասարդական աշխատողների և փորձագետների հետ

14 նոյեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հանդիպել է երիտասարդական աշխատողների և փորձագետների հետ և նրանց հետ քննարկել ոլորտային կարևոր հարցեր, այդ թվում նաև նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման հարցը: 

Քրիստինե Ասատրյանը հյուրերին տեղեկացրել է, որ ՊՈԱԿ-ի լուծարման մասին քննարկումներ է ունեցել նաև ՀՀ կառավարությունում, որտեղ կարևորվել է և՛ պետական միջոցների օպտիմալ օգտագործումը, և՛ նախարարությունների ու շահառուների աշխատանքային հարաբերություններում միջնորդ կառույցների բացառումը։ 

Նախարարի տեղակալը նշել է, որ երիտասարդական քաղաքականության մշակման և իրագործման հարցում կարևորում է աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ոլորտային հետազոտությունները: «Ցավոք, ՊՈԱԿ-ի հետ իր աշխատանքները կդադարեցնի նաև ՊՈԱԿ-ի երիտասարդական ուսումնասիրությունների բաժինը։ Սակայն կգործեն երիտասարդական հետազոտությունների թեմատիկ ուղղությունները որոշող խորհուրդը և հետազոտություն իրականացնող կազմակերպությունը, որն ընտրվելու է բաց մրցույթով»,- ասել է նախարարի տեղակալը: 

Ք. Ասատրյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է նաև, որ նախատեսվում են քննարկումներ «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի, հայեցակարգի և ռազմավարության վերաբերյալ։ «Մեզ համար կարևոր է, որ վերոնշյալ օրենսդրական փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքներն իրականացվեն մասնակցային սկզբունքի հիման վրա։ Այս հարցում նախատեսում ենք ձեր ակտիվ աջակցությունը և մասնակցությունը»,- նշել է նա և հավելել, որ ներկայումս քննարկումների փուլում է երիտասարդական աշխատողի ակադեմիական կրթություն ստանալու հնարավորության հարցը: 

Հանդիպման մասնակիցները նախարարի տեղակալին առաջարկել են եվրոպական հարթակների նմանությամբ Հայաստանում նույնպես ստեղծել երիտասարդական միջոցառումների ընդհանուր առցանց բազա:   
Ետ գնալ