ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

18 սեպտեմբեր 2018
Այսօր անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը՝ ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամների մասնակցությամբ: 

Խորհրդի անդամները քննարկել են հոգեբան Անժելա Բարխուդարյանի ներկայացրած մարզաձևերի ՀՀ ազգային հավաքականներում ընդգրկված, ինչպես նաև հեռանկարային մարզիկների հոգեբանական ապահովման և մոնիտորինգի ունիվերսալ համակարգի ձևավորման մասին հարցերը, մանկավարժական գիտությունների թեկնածու Էռնեստ Ավանեսովի ներկայացրած հանրապետության հանրակրթական դպրոցների՝ մարզակառույցներ ունեցող այլ հաստատությունների հետ համագործակցության, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և նախադպրոցական հաստատությունների ֆիզկուլտ-հրահանգիչների մասնակցությամբ շարժախաղերի ազգային փառատոնի կազմակերպման, ինչպես նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Լալայանի անվան մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանի՝ գիտամեթոդական գրականության հրատարակման հանրապետական խորհուրդ ստեղծելու վերաբերյալ հարցերը: 

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղի են ունեցել մասնագիտական և փորձագիտական քննարկումներ: Ներկաները համակարծիք են եղել, որ օրակարգային բոլոր հարցերը կարևոր են, և դրանք պետք է ստանան իրենց լուծումները: 

Օրակարգային հարցերից մեկը՝ ազգային շարժախաղերի փառատոնին վերաբերող հարցը, հնարավոր է լուծվի մինչև տարեվերջ: Հաշվի առնելով այն, որ ապագա սերունդներին փոխանցվող մեր ազգային շարժախաղերը ոչ միայն մարզական, այլև մշակութային ժառանգություն են, խորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցելու այդ փառատոնի կազմակերպմանը:
Ետ գնալ